Աղբիւր՝ www.yerkir.am
Մարտի 21-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մոհամմադ Ջիհադ ալ Լահամն ընդունել է Սիրիայում Հ.Հ.-ի դեսպան Արշակ Փոլադեանին:
Հ.Հ.-ի Ա.Գ.Ն.-ի տեղեկացմամբ՝ դեսպան Փոլադեանը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահին փոխանցել է Հ.Հ.-ի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակեանի շնորհակալական նամակը՝ մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած յատուկ նիստ գումարելու, այդ ծանր յանցագործութիւնը դատապարտելու եւ հայ ժողովրդին համերաշխութիւն յայտնելու վերաբերեալ:
Նամակում Հ.Հ.-ի Ա.Ժ.-ի խօսնակը առանձնակի երախտագիտութիւն է յայտնել «Սիրիայի ժողովրդին, որն իր դռները բացեց եւ ապաստան տուեց Ցեղասպանութիւնից մազապուրծ հայ գաղթականներին: Սիրիայի ժողովրդի եւ նրա առաջնորդների մարդասիրական վերաբերմունքը մշտապէս յիշւում է եւ բարձր է գնահատւում հայ ժողովրդի կողմից»,- ասուած է Հ.Հ.-ի Ա.Ժ.-ի նախագահի նամակում:
Զրոյցի ընթացքում Մոհամմադ Ջիհադ ալ Լահամը հերթական անգամ անդրադարձ է կատարել Օսմանեան կայսրութիւնում հայ ժողովրդի նկատմամբ իրականացուած եղեռնագործութեանը` միաժամանակ միջազգային հանրութեանը կոչ անելով անյապաղ դատապարտել մարդկութեան դէմ իրականացուած անասելի ծանր այդ յանցագործութիւնը: Իր հերթին դեսպան Փոլադեանը զրուցակցին ներկայացրել է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ նախատեսուող միջոցառումները:
Քննարկուել են նաեւ տարածաշրջանային արդի խնդիրներ: